Դա ինքնիշխան պետության ներքին գործն է. այսպես է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել ՀՀ-ում սկսված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու բողոքի ակցիաները:

Ընդ որում նա համեմատել է Արևմուտքի արձագանքները Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ սկիզբ առած բողոքի ակցիաներին և Հայաստանում սկսված շարժմանը:

«Գիտեք՝ մենք միշտ ասում ենք, որ այս կամ այն երկրում ներքաղաքական կյանքը, ինքնիշխան պետության ներքին գործն է: Սակայն տվյալ պարագայում Արևմուտքի արձագանքն ապշեցնում է իր կայունությամբ: Բանն այն է, որ խոսքը հերթական երկակի ստանդարտների մասին է, և այս օրինակը լավագույնս ցուցադրում է այդ ամենը: Տեսեք՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները բառացիորեն ամեն օր հարձակվում են Վրաստանի իշխանությունների վրա՝ իբրև թե ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար... Իսկ ի՞նչ ենք տեսնում Հայաստանի դեպքում. Արևմուտքի քար լռությունը երկրում տեղի ունեցող զանգվածային ձերբակալությունների ֆոնին, այնտեղ նաև կոշտ ուժ է կիրառվում: Կարծես թե Արևմուտքը մի կոճակն անջատել է», - ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ «արևմտյան հայտնի լրատվամիջոցները հրահանգով թեժացնում են Վրաստանում ցույցերի թեման, այնպիսի մակարդակի ռեպորտաժներ են պատրաստում, որ ցուցարարներին ներկայացնում են որպես հերոսներ, որպես ցուցարարներ, որոնք գործում են օրենքի շրջանակում, ներում են նրանց ամեն իրավախախտում և նրանց ցանկացած հակաօրինական գործողություն արդարացնում են»:

«Ինչ վերաբերում է Հայաստանում բազմահազարանոց բողոքի ակցիաներին, ապա արևմտյան առաջատար ԶԼՄ-ները կարծես թե դրանք ստվերում են թողնում՝ ձևացնելով, թե այնտեղ ոչինչ տեղի չի ունենում: Կամ էլ Հայաստանում տեղի ունեցող այս զարգացումներն արևմտյան ԶԼՄ-ները մատուցում են որպես հայ ժողովրդի կամքը չարտահայտող և իբրև թե դրսից համակարգվող իրադարձություն», - ասել է Զախարովան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել