Մարդկության պատմությունը նաև «աբիժնիկության» պատմություն է։ Պողոսների ապստամբության պատմություն։
Պողոսներն ուզում են լավ ապրել, ինչը նորմալ ու բնական ցանկություն է։ Նրանց այդ ցանկությունը միշտ էլ օգտագործվել է։ Հայտնվում է ամբոխավարն ու դեմագոգիկ ձևով հայտարարում, որ ինքը կլուծի պողոսների բոլոր խնդիրները։
Պողոսները լսում են ու հավատում դեմագոգ պոպուլիստին, գնում նրա հետևից, դնում դրան իրենց ուսերին ու ․․․ ավելի վատ ապրում։ Հայաստանը բացառություն չկազմեց։ Մեզ մոտ ամեն ինչ ողբերգական տեսք ստացավ։ Բացի նրանից, որ «պողոսը» «քցվեց» Նիկոլ Փաշինյանի կողմից, մենք պետականություն կորցրինք Արցախում ու ստացանք «մազից» կախված Հայաստան, որի ֆիզիկական գոյությունը հարցականի տակ է։ Ահա այդպիսին է պողոսապատման բուն էությունը։
1640-ին Անգլիայից մեկնարկած պողոսապատումը 1789-ին հասավ Բաստիլ, մեծ կանգառ ունեցավ 1917-ին Ռուսաստանում, ձևախեղվեց ֆաշիստական Գերմանիայում ու հետո տարածվեց ամբողջ աշխարհով մեկ։
21-րդ դարում «պողոսն» Ուկրաինայի Մայդանում է հավաքվում, Վրաստանում վարդը ձեռքին մտնում է խորհրդարանի շենք, Ֆրանսիայում դեղին բաճկոն է հագնում, Հայաստանում գըմփ–գըմփ–հո՛ւ է անում, ԱՄՆ-ում գրոհում է Կապիտոլիումը։
Շինելը կորցրած Ակակին Ռասկոլնիկովի կացինը ձեռքին հիմա մտել է ԱՄՆ Սենատի շենք ու Բազարովի պես դուրս է եկել հայրերի դեմ։
Պողոսապատումից խուսափելու միակ ձևը գործատուի, աշխատուժի և կառավարության արդյունավետ համագործակցության բանաձև գտնելն է։
Ի դեպ, հետսովետական տարածքներում պողոսական հեղափոխություններն ավարտվել են սոցիալական կատաստրոֆայով, տարածքային կորուստներով։ Հայաստանում դրա ամենավատ տարբերակը եղավ։
Մենք պետք է պողոսական հեղափոխությանը հակադրենք էլիտար հեղափոխությունը, այն է՝ ազգային-ազատագրական պայքարը թուրքական 5-րդ շարասյան դեմ։ Իրական ու արժանապատիվ խաղաղությունը հնարավոր է միայն էլիտար հեղափոխության դեպքում։ Սոցիալ-տնտեսական կյանքի իրական բարելավումը հնարավոր է միայն իսկական ազգային էլիտայի կառավարման պայմաններում։
Միայն ազգային էլիտան կարող է մարդու տեղ դնել «պողոսին» ու լավացնել նրա կյանքը, այլ ոչ թե հոգով ու տեսակով «պողոս» Նիկոլը։
Միայն ազգային էլիտան կարող է տեր կանգնել Հայաստանին ու Արցախին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել