Police.am-ը գրում է.
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և Ռոլանդ Ա.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդ. 1-ին մասով և 258 հոդ. 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավապահ այլ կառույցների աշխատակիցների հետ, օպերատիվ կերպով ձեռնարկել և ձեռնարկում են անհետաձգելի հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Զննվել է տուժող կողմի մեքենան, որի վրա հայտնաբերվել է կրակվածի հետք։ Այն մանրակրկիտ ուսումնասիրվել է ոստիկանության փորձաքրեագետների կողմից։ Վերցվել են համապատսախան հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կասկածանքով բերման ենթարկվածներից Ալեքսեյ Բ.-ն ու Ռոլանդ Ա.-ն ձերբակալվել և գտնվում են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջադեպը անձնային հարաբերությունների դաշտում է:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն էր հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ոստիկանությունը նախքան այդ հայտարարությունը արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
**
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: