Իրադարձությունների ականատեսի տեսակետը՝ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց.
«...Հետո մերոնք (1994-ին) գնացին ստորագրելու փաստաթուղթ Ադրբեջանի հետ: Ինձ չտարան իրենց հետ. ես մնացի հրամանատարական կետում: Գնացին ստորագրելու սարսափելի, գարշելի փաստաթուղթ, նույնիսկ չմտածեցին, թե ինչպես է այն կոչվում ռուսերենով: Եվ գրեցին համաձայնագիր կրակի դադարեցման մասին: Ի՞նչ է նշանակում՝ «կրակի դադարեցում»: Մենք պատերազմող երկրներ ենք, մեր կողմը հաղթել է, և հանկարծ ես գրում եմ՝ եկեք դադարեցնենք կրակը: Դա նույնն է, որ հաղթեին Հիտլերին և ասեին՝ ընկե՛ր Հիտլեր, եկեք դադարեցնենք կրակը: Պիտի ասեին՝ կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի անկախություն: Վե՛րջ: Ցտեսություն: Ես գնացի: ...Եղել է Հայրենական մեծ պատերազմ: Գերմանացիներին ջախջախեցին (1945-ին), ոչնչացրին հակառակորդին, իսկ Կալինինգրադը՝ Քյոնիգսբերգը, մնաց Խորհրդային Միությանը: Դա գերմանական տարածք է: Բայց պատերազմի օրենքով այն մնում է ԽՍՀՄ-ին: Կուրիլյան կղզիները նույնպես մնացին Խորհրդային Միությանը:
...Ի՞նչ զիջենք, այնտեղ (Ղարաբաղում) զիջելու բան չկա՛: Իսկ ինչո՞ւ է միայն մեր կողմը զիջում, ինչո՞ւ Ադրբեջանը չի զիջում Շահումյանը, Մարտակերտի ու Մարտունիի հարթավայրերը: Ինչո՞ւ չի վերադարձնում Նախիջևանը: Չէ՞ որ դա հայկական հող է: Նրանք չեն ուզում զիջել, իսկ մենք համաձայն ենք զիջումների: Մենք արդեն իսկ ամեն ինչ զիջել ենք նրանց: ...Բոլշևիկյան անդրկովկասյան բյուրոն 1921 թ. հուլիսի 5-ին խլել է Ղարաբաղը Խորհրդային Հայաստանից և փոխանցել այն ադրբեջանցիներին: ...Արցախի այդ տարածքները պատերազմի օրենքով այլևս ենթակա չեն վերադարձի» (1in.am կայքից):