Երբեք չգիտես, թե ինչ կլինի հետո, կանխատեսելի ապագան այնքան մոտ է, որ երբեմն դրանից անդին պարզապես անհայտություն է: Ճակատագրին հաճախ ենք շնորհակալություն հայտնում: Ֆորտունան ժպտում է համարձակներին: Սակայն, նույն այդ ճակատագրի հեգնանքը երբեմն այնքան անկանխատեսելի է, այնքան անսպասելի, որ զգում ես քո անզորությունը, զգում ես, թե որքան է կյանքդ պայմանավորված ժամանակով ու հանգամանքներով, որքան կարող ու միևնույն ժամանակ որքան չես կարող փոխել հանգամանքները, հետ շրջել կամ առաջ տալ ժամանակը: Աշխարհն այնքան վիթխարի է, այնքան հրաշալի, որ մեզ մնում է ուղղակի ապրել ու հիանալ նրանով, ենթարկվել այն կանոններին, որոնք մեզ են թելադրում կյանքը, բնությունը, ժամանակը:
Իսկապես որ, բազմագույն ու բազմաձև է աշխարհը… Նկատե՞լ եք, թե ինչքան ենք կախված նույն այդ բազմագույն ու բազմաձև աշխարհից: Մենք ստեղծել ենք արժեքներ, իրեր, գաղափարածին երևույթներ, ու հաճախ ինքներս մեզ կապանքների մեջ ենք գցում: Ասենք, նկատե՞լ եք, որ մեր իսկ ստեղծածը մեզ երբեմն խանգարում է: Ասեմ, Օրինակ` մենք ստեղծել ենք աշխատելու ու աշխատանքով ապրուստը հոգալու կենսաձևը: Դու շտապում ես աշխատանքի, շտապում ես, որ չուշանաս, շտապում ես, քանի որ այդպես պետք է: Եվ ահա այդ շտապելու պահին, հնարավոր է, որ հանդիպես պատահական մեկին, ով միգուցե քո ճակատագիրն է: Ասենք, երթուղային տաքսով շտապում ես աշխատանքի, մեկ էլ` տեսնում ես մի էակի, որը քոնն է, որը քո կյանքի կեսն է հաստատ, սակայն ավա՜ղ, դու պարտավոր ես շտապել ու հասնել գործի: Իսկ միգուցե նա իսկապե՞ս քո կյանքի ընկերուհին կամ ընկերը դառնար, դառնար զույգդ, եթե դու այդքան խելահեղ ընթացքով չշտապեիր ու չմտածեիր, որ գործից ուշանում ես: Տեսնո՞ւմ եք, թե ինչքան ենք կախված մեր իսկ ստեղծած երևույթներից ու պայմանականություններից: Կամ, օրինակ, աշխատում ես, աշխատում, աշխատում ու մեկ էլ հանկարծ էլեկտրականությունը անջատվում է և…  վե՜րջ, ամեն բան կանգ է առնում ու դու ստիպված սպասում ես այդ չարաբաստիկ հոսանք կոչվածին, որպեսզի գործդ շարունակես: Ահա, ևս մի վառ օրինակ, որ մարդը քանի զարգանում է, այնքան ավելի է կախված դառնում նույն այդ զարգացվածությունից: Իսկ չէ՞ որ ամեն բան կարող էր լինել շատ ավելի հեշտ: Չէ՞ որ, եթե պատկերավոր խոսենք, ապա դաշտում ծաղիկից հոտ քաշելու համար, կարելի է ոտքով ուղղակի քայլել դաշտով ու հասնել ծաղկին, ոչ թե արտասահմանյան մեքենայով կոխոտել այդ հրաշալի դաշտի մնացած բոլոր ծաղիկները` մեկը տեսնելու համար: Կյանքը երբեմն թվում է հեշտ, ավելի ճիշտ մենք մեզ սկսում ենք համոզել, որ կյանքն այդպիսին է: Ես մի աֆորիզմ ունեմ գրած. «Առակները խրատում են մեզ, իսկ մենք փորձում ենք համոզել մեզ, որ դա այդպես է…»: Այսինքն փորձում ենք ներկայացնել, թե իրոք խրատվեցինք առակներից, թեև իրականում առակների ճշմարիտ խորհուրդներին հետևում ենք այնքան, որքան հետևում ենք գրքերի ճշմարտությանը: Կարող եմ նաև այլ կերպ ասել. հաճախ կարդում ենք գրքում զետեղված ճշմարիտը, սակայն կյանքում անում սկզբունքորեն հակառակը: Բայց միևնույն է, թունելի վերջում լույս միշտ կա, թեև թունելը հաճախ երկար է ձգվում: Միխայիլ Զադորնովը մի հայտնի խոսք ունի. «Թունելի վերջում լույսը միշտ տեսանելի է, ուղղակի անտեր թունելը չի վերջանում» :) Այնուամենայնիվ, որքան էլ կյանքում սխալներ ենք անում, միևնույն է կյանքը ինքնին դաս է` ինտենսիվ, հագեցած ու բովանդակալից դաս, և անհնար է, որ հետևություններ չանենք, կյանքի առակից չքաղենք մեզ համար կարևորն ու անհրաժեշտը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել