Հարգելի բարեկամներ, քիչ կայքեր կան, որոնց մասին ես, իմ սեփական նախաձեռնությամբ և ցանկությամբ, որոշում եմ հատուկ հոդված գրել իմ բլոգ-կայքում: Ինչպես միշտ` հեղինակային մատուցմամբ, փորձում եմ ներկայացնել տվյալ կայքի գործունեությունը, եթե այն ուշագրավ է, օգտակար, ստեղծագործական եռանդով վարվող և, իհարկե, իր բովանդակային ընդգրկմամբ` հետաքրքիր ու ինքնատիպ: Ես արդեն պատիվ ունեցել եմ իմ կայքում անդրադառնալ մի շարք այդպիսի կայքերի և ուրախ եմ, որ նրանց կողմից արձագանքն ու գնահատականը եղել են համարժեք: Ոչ մեկը և ոչ մի ինչ-որ հանգամանք ինձ չեն ստիպում գրել որևէ կայքի մասին, ներկայացնել այդ կայքը իմ ընթերցողներին: Ոչ մեկ չի էլ կարող ստիպել: Ես պատվի ու արժանապատվության մարդ եմ և իմ կյանքով ու գործունեությամբ ապացուցում եմ միշտ, որ որևէ մեկին երբևէ հաճոյանալու կամ քծնելու կարիքը չունեմ: Ուրիշի լավ գործի նկատմամբ գնահատականս միշտ օբյեկտիվ է, լավամարդ լինելու խնդիր չկա: Այնպես որ, հայկական տարբեր բլոգների ու կայքերի մասին ես գրել ու գրում եմ ի՛մ կամքով, ի՛մ որոշմամբ, քանի որ ցանկանում եմ լավ գործին լավ խոսք, լավ վերաբերմունք ցույց տալ` դրանով անկեղծորեն քաջալերելով և ոգևորելով տվյալ կայքի հետևում կանգնած մարդկանց: Դրանից ես էլ եմ բավականություն ստանում: Չէ՞ որ ուրախանալով ուրիշի հաջողությամբ և նշելով այդ մասին` դու ինքդ էլ ես քեզ լավ զգում: Համոզված եմ, որ պետք է քաջալերել մարդկանց, ոգևորել, գովել, գնահատել, իհարկե` նշելով նաև դիտարկումներդ, տալով առաջարկներ, խորհուրդներ, հայտնելով կարծիքդ: Պետք է ամեն դեպքում քաջալերել, ինչը, ցավոք, պակասում է մեզանում: Քաջալերելուց բացի, պետք է նաև տվյալ կայքը ներկայացնել ոչ թե ինքնանպատակ կերպով, այլ տվյալ կայքից սովորելով: Չէ՞ որ միշտ էլ բան կա մի փոքր ավելի իմանալու, սովորելու:

Իմ հեղինակային բլոգի կողմից մի տեսակ ուրույն ձեռագիր, ուրույն քաղաքականություն է արդեն դարձել հայկական արժեքավոր, հետաքրքիր կայքերին հատուկ ուշադրություն դարձնելը և հատուկ հոդվածով անդրադառնալը դրանց, ինչը հուսով եմ շոյիչ ու կարևոր հանգամանք է նույն այդ կայքերի համար և իսկապես նպաստում է նրանց գործունեության լուսաբանմանը:

Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր որոշակի գործունեություն են ծավալում հայկական բլոգոլորտում, պատկանում են մեկ ընդհանուր «ընտանիքի»: Անկախ թեմատիկ ընդգրկումից կամ էլ որդեգրած ուղղությունից` հայկական բոլոր բլոգներն ու կայքերն այսօր ունեն համախմբման կարիք: Սա պրոլետարիատի կոչ չէ :D և համախմբում ասածն էլ չի ենթադրում անպայման էլեկտրոնային որևէ նոր, համընդհանուր տիրույթի ստեղծում: Ոչ, խոսքը ներքին համախմբվածության, ավելի ճիշտ` այդպիսի ներքին վիճակի անհրաժեշտության գիտակցման մասին է: Խոսքը նաև համերաշխության, մյուսի գործունեության վերաբերյալ գործընկերային «սոլիդարության»` հանդուրժողականության և հարգանքի մասին է: Շատերի մոտ, ցավոք, հաճախ չկա այդ ներքին համերաշխության կամ «սոլիդարության» զգացումը և, ցավոք, այս երևույթը առկա է ոչ միայն բլոգոլորտում, այլև մեր ամբողջ հասարակության մեջ: Մենք շատ ավելիի կհասնեինք վերջին 20 տարիների ընթացքում, եթե ավելի համերաշխ, ավելի հանդուրժող լինեինք մեկս մյուսի նկատմամբ, հարգեինք ու գնահատեինք մեկս մյուսի գործունեությունը, ձգտեինք ոչ թե փչացնել, տակ փորել, խանգարել, վնասել, չարախնդալ, չարակամորեն քննադատել, վատություն անել, այլ ձեռք մեկնել, օժանդակության, բարակամության ամուր ու սատարող ձեռք մեկնել մեկս մյուսին: Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ ավելի ուժեղ ենք և ավելի վստահ ենք մեր ոտքը դնում մեր հողին, ոչ թե սրանից նրանից բողոքում ենք ու փախչում երկրից` լավ կյանքի ակնկալիքով: Նույնիսկ հայրենիքիցդ փախչելու դեպքում, միևնույն է, հիշողությունից հնարավոր չէ փախչել: Ավելի ճիշտ ու ազնիվ է մնալ ու շենացնել քո երկիրը, քո հայրենիքը, քան փախչել ու վիզ ծռել օտարին: Բնությունից օրինակ բերեմ. ո՞րն է ավելի լավը` առյուծի պես արդար որս անելը, թե՞ շնագայլի պես` ուրիշի ավարից որպես ողորմություն մի կտոր թրցնելը: Հետևությունը թողնում եմ ձեզ: 

Եթե այս ամենը պրոեկտենք բլոգոլորտի վրա, ապա այո, ավելի լավ է ձգտել գործել մեկ ընդհանուր, համերաշխ ու հանդուժող դաշտում, ձգտել ավելի կայացած, ավելի զարգացած դարձնել հայկական բլոգոլորտը, քան թե ցուցաբերել չարակամություն ու անհանդուրժողականություն:

Հայկական բլոգոլորտն այսօր հարուստ է ու բազմազան: Օրեր առաջ ես պատիվ ունեցա խոսելու «e-Armenians.com»-ի արժեքավոր գործունեության մասին: Ուշադրությամբ և հաճույքով հետևում եմ Արթուր Պոտոսյանի, Սամվել Մարտիրոսյանի, Արմեն Մկրտչյանի, Արամ Հակոբյանի (Արխանգելոյի), Լուսինե Բարսեղյանի, Շուշան Շատիկյանի, Սիրարփի Սահակյանի, Միքայել Մխիթարյանի, «ԷկոԼուրի», Հասմիկ Ավետյանի, Հայկ Ակարմազյանի, Մարիա Լազարևայի, ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի և բազմաթիվ այլ բլոգների (ցավոք` բոլորին թվարկել հնարավոր չէ) գործունեությանը, նրանց գրառումներին: Այս և շատ այլ բլոգներ նշված են ինձ մոտ` «Էվրիկա. նորույթ` հայկական բլոգոսֆերայում» հատուկ հոդվածում, ինչպես նաև բլոգ-կայքիս «Հղումներ» և «Այլ կայքեր» բաժիններում: Համարձակորեն որոշեցի անվանական նշել որոշ բլոգների հեղինակներին, որպեսզի նրանք տեսնեն, որ իրենց աշխատանքը գնահատվում է, իզուր չէ, արժեք է ներկայացնում: Ես ուրախ եմ, որ այս մարդկանցից շատերի հետ այսօր ունեմ ջերմ գործընկերային, բարեկամական հարաբերություններ ինչպես վիրտուալ տիրույթում, այնպես էլ կյանքում: Նախկինում նրանց մեծ մասին չեմ էլ ճանաչել և ծանոթացել եմ միայն բլոգիս շնորհիվ: Այսօր այս անկեղծ ու բարիդրացիական կապը շատ գնահատելի ու թանկ է ինձ համար: Հուսով եմ, որ դա փոխադարձ է: Ի դեմս այս հեղինակների` ես ցանկանում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր գործունեություն են ծավալում այս բնագավառում, ծավալում են ոչ թե նրա համար, որ իրենց տնեցիք կարդան ու իրենք էլ ուրախանան դրանով, գոհ ու լավ զգան իրենց դրանից և չաղ ու բախտավոր ապրեն :D այլ գործունեություն են ծավալում այն բանի համար, որպեսզի ինչ-որ լավ, օգտակար բան ասեն հանրությանը, ընթերցողին, արտահայտվեն, փոխանցեն իրենց մտքերը, հույզերը, անհանգստություններն ու մտահոգությունները, ներկայացնեն իրենց ստեղծագործությունները, խոսեն մարդկանց ու աշխարհի հետ, ներկայանալի լինեն: Պիտի ճանաչենք իրար ու հարգենք, միայն այդպես կկարողանանք գնահատել ու գնահատվել: Եթե չենք ուզում մնալ ինքնագոհ, մեծամիտ, իր բլոգից գոհ, չաղ ու բախտավոր բլոգերի մակարդակում, ապա պիտի շատ բան սովորենք, շարունակենք աշխատել տքնաջան կերպով, ջանանք միշտ լինել նոր ու հետաքրքիր և, որ ամենակարևորն է, բլոգը վարել ազնիվ կերպով ու բարեխղճորեն` ընթերցողներին ներկայանալով արժանապատվորեն:

Իմ ընթերցողներին ևս մեկ ուշագրավ հայկական կայք ներկայացնելու նպատակով էլ այժմ պատիվ ունեմ խոսելու հայկական մի կայքի մասին, որը «սիմպտոմատիկ» օրինակ կարող է ծառայել այն բանի, թե վերջին տարիներին ինչպիսի զարգացում է ապրել հայկական բլոգոլորտը: Այս և նման առաքելություն ստանձնած այլ կայքերի գոյությունը հայկական բլոգոլորտում մեզ հուշում է դրա զարգացման դինամիկան: Եթե նախկինում բլոգերի կողմից առաջնահերթություն էր համարվում սեփական, անձնական բլոգը, ապա այսօր ակտիվ գործունեություն են ծավալում նաև այնպիսինները, որոնք ջանում են նպաստել հենց այն համերաշխության, համախմբվածության ու հանդուրժողականության դաշտի ձևավորմանը, որի մասին գրում էի հոդվածիս սկզբում: Իմ գնահատմամբ` այդպիսի կայք է նաև «BlogNews.am»-ը, որի գործունեությանը հետևում են, որին վստահում են, որին սպասում են այսօր: Այս կայքի «Ֆեյսբուքյան» էջի մեծ թվով «Like» անողների փաստը ասվածի ակնհայտ ցուցանիշն է: 

«BlogNews.am»-ում ներկայացված են հայտնի և սկսնակ բլոգերների, ինչպես նաև սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի ուշագրավ, հետաքրքիր, հաճախ` սուր գրառումները, որոնք վերաբերվում են հանրության հետաքրքրության շրջանակներում գտնվող բոլոր թեմաներին:

Հատկանշական է, որ կայքում տեղ գտած նյութերը չեն խմբագրվում և չեն փոփոխվում` հեղինակների իրավունքները չխախտելու նկատառումներից ելնելով: Ես մեծապես ու մշտապես կարևորել եմ այս հանգամանքը և ամեն անգամ առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում տվյալ կայքի` այդ հարցի նկատմամբ ունեցած վերաբերմունքին: Եթե կայքը հարգում է հեղինակի իրավունքը, ապա այն գործում է ակադեմիական, ազնիվ ու պարկեշտ ձեռագրով և չափորոշիչներով: Այդպիսի կայքերը միշտ շահում են, նրանք գործում են Հեղինակային իրավունքի միջազգային չափանիշներով և այդպիսով մեծ վստահություն են վայելում ընթերցողների ու, հատկապես` հեղինակների շրջանում: «BlogNews.am»-ում բոլոր գրառումների հեղինակային իրավունքները պահպանվում են գրառումներին կից տեղադրվող ուղիղ հղումների միջոցով, իսկ գրառմանն առնչվող մեկնաբանությունները հայտնվում են ինչպես «Blognews.am»-ում, այնպես էլ հեղինակի անձնական էջում: Բացի այդ, ուրախալի է, որ «BlogNews.am»-ը իր համար առանձնացնում է հետաքրքիր հեղինակներին ու նրանց գրառումները մեկտեղում է` հեղինակի համար նախատեսված և նրա անունի տակ ուղիղ հղման միջոցով գործող անհատական էջերում: Պատիվ ունեմ հաճույքով նշելու, որ իմ հոդվածները, գրառումները նույնպես տեղադրվում են «BlogNews.am» կայքում: Ինձ համար կարևոր է այն, որ նյութերս այս կայքում տեղադրելը եղել է «BlogNews.am»-ի նախաձեռնությամբ և որոշմամբ` որպես իրենց կողմից դաշտի յուրօրինակ զննման, «մոնիտորինգի» արդյունք: Ես չեմ դիմել «BlogNews.am»-ին, կայքի պատասխանատուները իրենք են որոշել զետեղել իմ նյութերը` համարելով դրանք ուշադրության արժանի ու բովանդակային առումով` հետաքրքիր: Սա ինձ համար` որպես հեղինակի, շատ կարևոր ու թանկ հանգամանք է, և ես այսօր մեծապես գնահատում ու արժեվորում եմ իմ հեղինակային բլոգ-կայքի և «BlogNews.am» կայքի միջև ձևավորված անկեղծ բարեկամությունն ու գործընկերությունը, որը հուսով եմ հարատև է լինելու:  

Սիրելի բարեկամներ, ամենակարևոր հանգամանքը, որը իմ այս հոդվածի առանցքն է, հայկական բլոգոլորտի համախմբվածությունն է, և ես ուրախ եմ, որ «BlogNews.am»-ը գերակա նպատակն է համախմբել հայաստանյան բլոգոլորտի բոլոր ներկայացուցիչներին մեկ ընդհանուր դաշտում և ավելի դյուրին ու արդյունավետ դարձնել վերջիններիս կապը հանրության հետ: Սա դժվար, երբեմն` ոչ լիարժեքորեն և ըստ արժանվույն գնահատվող, սակայն կարևոր, պետքական և օգտակար գործ է: Եվ բացի այդ, վառ կերպով արտացոլում է բլոգոլորտի զարգացումը, քանի որ նախկինի համեմատ այսօր ջանքերը հաճախ ուղղված են լինում ոչ թե սեփական բլոգի «ռասկռուտկային», այլ բլոգների համախմբմանը: Եթե այդպիսի համախմբող կայք ստեղծելու շարժառիթը ինքնանպատակ չէ, ստեղծման նպատակը ազնիվ է և ջանքերն էլ գործադրվում են անկեղծ մղումներով, ապա հաջողությունy հաստատ ապահովված կլինի և հարատև: Կարծում եմ, որ «BlogNews.am»-ը առաջ է ընթանում հիմքում ունենալով հենց այդպիսի անկեղծ մղումներ և կարծում եմ նաև, որ այն կշարունակի բարեխղճորեն ծառայել իր իսկ կողմից իր առջև դրված խնդիրներին: Առաքելությունը, որն իր վրա վերցրել է այս կայքը, արդիական է ու անհրաժեշտ, քանի որ «BlogNews.am»-ը փորձում է լսելի դարձնել նրանց ձայնը, ովքեր ասելիք ունեն, իսկ ընթերցողին հնարավորություն տալիս, առանց լրացուցիչ ժամանակ և ռեսուրսներ վատնելու, ծանոթանալու հայաստանյան բլոգային անցուդարձին, ցանկության դեպքում` դառնալու դրա մի մասնիկը: «BlogNews.am»-ն ինքնին արդեն հայկական բլոգոլորտի մի կարևոր մասնիկն է, և նրա հետևողական ու պատվախնդիր աշխատանքից էլ կախված կլինի նրա ապագան:

Այս կայքի գործիքարանի և աշխատանքային մեթոդաբանության առանցքում տարբեր սոցիալական ցանցերից, վիդեոպորտալներից և բլոգներից հանրության համար մատչելի, լավագույն բովանդակությունը հավաքագրելն է և ընթերցողի դատին ներկայացնելը: Այս պահին ուզում եմ ուղիղ մեջբերում անել կայքից` որպես լավատեսական, դեպի հեռուն միտված բարի ցանկությունների ու ընդգծված հաստատակամության անկեղծ շարադրանք. ««Blognews.am»-ը ստեղծված է Ձեզ համար, Ձեր իսկ պահանջով: Այն կուղղորդի Ձեզ բլոգոլորտի խորդուբորդ ճանապարհներով, և հանդես կգա որպես մի յուրահտուկ ցուցիչ տարբերելու կեղծիքը ճշմարտությունց, անորակը որակյալից… Համոզված ենք, որ մոտ ապագայում «Blognews.am»-ը Ձեր հավատարիմ ընկերն ու առօրյայի անբաժանելի մասը կդառնա»:

Ես ուրախ եմ, որ այս ուշագրավ կայքն այսօր կա հայրենական բլոգոլորտում և իր կարևոր, ինքնատիպ ներբերումն ունի դաշտում` իր ուրույն գույնը բերելով հայկական բլոգոլորտի ներկապնակում: Ուրախ եմ, որ այսօրինակ կայքեր են ստեղծվում, ձևավորվում, զարգանում` իրենց կարևոր նպաստը բերելով ընդհանուր դաշտի զարգացմանը, թրծմանը, բյուրեղացմանը, իրենց «նոր արյունը» խառնելով հնին ու թարմացնելով այն: Ուզում եմ հատկապես ընդգծել երիտասարդական այն ջիղը, որով աչքի է ընկնում «BlogNews.am»-ը և շահեկանորեն առանձնանում: Ուզում եմ հուսալ նաև, որ «BlogNews.am»-ը պատվախնդրորեն կշարունակի իր սկսած գործը: Կցանկանայի ողջունել «BlogNews.am» կայքի գլխավոր խմբագրին` Արամ Անտինյանին և ընդգծել նրա մեծ եռանդը, ջանքերն ու նվիրումը` այս կայքի գործունեությունը արդյունավետ, օգտակար և հետաքրքիր հունով տանելու հարցում:

Հաջողություն և հարատևություն մաղթելով «BlogNews.am»-ին` կցանկանայի նշել, որ գործընթացը, որը սկսել է այս կայքը, այլևս հետդարձ չունի: Սա մի վիճակ է, որը չի դադարում և պահանջում է խիստ պատասխանատու մոտեցում ու ամենօրյա տքնաջան աշխատանք` հանրությանը չհուսահատեցնելու համար: Ուզում եմ հավատալ, վստահ լինել, որ «BlogNews.am»-ին լավ, լուսավոր և մեծ ապագա է սպասվում: Եվ որպես ասածիս գրավական` նշեմ. այն ջանքերն ու նվիրումը, որոնց շնորհիվ գործում է այս կայքը, հուշում են, որ իմ այս լավատեսությունը արդարացված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել