Mitk.am-ը գրում է.
Պետք է նշել, որ վարձու մարդասպանը կամ մարդասպանները պատահաբար չէին հայտնվել Տվերսկայա փողոցում: Այս բնակարանի տեղը շատ լավ գիտեին ոչ միայն միլիցիոներները, այլև նրանք, ովքեր կազմակերպել էին մահափորձը: Վաղուց արդեն հայտնի էր, որ Մոսկվայի կենտրոնում Ասլան Ուսոյանը բնակարան էր վարձել և, ճիշտ է, ոչ հաճախ գալիս էր տեսնելու այստեղ բնակություն հաստատած իր որդուն` Նոդարին: 47-ամյա Նոդարն զբաղվում էր գործարարությամբ և հաջողությունների էր հասել: Իհարկե, հոր աջակցությունը կարևոր դեր էր խաղում նրա բիզնեսի ծաղկման համար, սակայն Նոդարն ինքը աշխատասեր ու համառ մարդ է: Բարդ վիճակներում զգաստ, սթափ և զգույշ գործելու հմտությունը նա, հարկավ, ժառանգել է հորից: Մնացածն իր շնորհքի արդյունքն է…
Ինչ որ է, այս մանրամասները հետագայում «կտան մամուլի բերան»: Իսկ այդ ժամանակ` սեպտեմբերի 16-ի լույս 17-ի կեսգիշերին, մի փոքրիկ թյուրիմացություն եղավ, որը կարող էր շեղել քննիչների և միլիցիոներների միտքը և հետաքննությունը տանել սխալ ուղիով: Այն ժամանակ, երբ արագությամբ ու արդյունավետ աշխատում էր հետաքննությունը, ամեն կերպ փորձում էին խցկվել սիգարը բերանին մի տղամարդ և երիտասարդ մի կին: Դա անմիջապես կասկածելի թվաց քննիչներին: Պարզ է, նրանց տարան միլիցիայի մոտակա բաժանմունք, վերցրին նրանց տվյալները, մատնահետքերը, գրավոր պարտավորություն` մոտակա երեք օրվա ընթացքում բնակության վայրից չբացակայելու մասին: Սակայն մեկ օր անց պարզվեց, որ այս մարդիկ բնավ կապ չեն կարող ունենալ մահափորձի հետ: Երիտասարդ կինը մամուլի ներկայացուցիչ էր` սրանից բխող բոլոր հետևանքներով, իսկ նրա«ընկերը», ով թատրոններից մեկի նկարիչ էր, վարակված էր ընկերուհու մոլեգին հետաքրքրասիրությամբ: Հետաքննիչները չշտապեցին: Նրանք հասկանում էին, որ վարձու մարդասպանին կամ մահափորձի պատվիրատուին կարճ ժամանակ անց կհայտնաբերեին: Եվ եթե դա իրենց չհաջողվի, ապա դա կանեն Ուսոյանի մարդիկ:
Այս` կրիմինալ աշխարհին անծանոթ մարդկանց բացատրենք, որ այսպիսի արտակարգ դեպքերում անմիջապես հրավիրվում է սխոդկա, որի ժամանակ եթե ոչ ամեն ինչ, ապա գոնե շատ բան պարզ է դառնում: Այդպես էլ եղավ: Սակայն մինչ այդ սխոդկան` Դեդ Հասանը պետք է Բոդկինի անվան հիվանդանոցում մնար մինչև սեպտեմբերի 23-ը: Այդ օրը բժիշկները նրան դուրս գրեցին հիվանդանոցից և փոխադրեցին ամբուլատոր բուժման` տնային պայմաններում: Հիվանդանոցի լավագույն բժիշկներն ամեն օր պետք է այցելեին հիվանդին` վերջնական առողջացման համար անհրաժեշտ բժշկական գործողություններ անցկացնելու համար: Իհարկե, պետք է լինեին լավագույն մասնագետներ. չէ՞ որ հիվանդը Ասլան Ուսոյանն էր, Դեդը, Հասանը, կարևոր մարդ այսօրվա ռուսական իրականութան համար:
«Ուսոյանի վիճակն արդեն կրիտիկական չէ,- հայտարարեցին հիվանդանոցի աշխատակիցները սեպտեմբերի 23-ին:- Նա գիտակցության է եկել»: Այն օրվանից, երբ Դեդ Հասանին բերել են հիվանդանոց, միլիցիոներները և հեղինակության անձնական թիկնազորը, մերձավորները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում: Հենց այնպես ոչ ոք չի կարող ներս մտնել և դուրս գալ: Հիվանդները, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն, վախենում են հիվանդանոց մտնել: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում այս օրերիընթացքում: Վերակենդանացման պալատի մոտ նստած են բժիշկը, անվտանգության ծառայության աշխատակիցը և «ախպեր-տղեն» ու թեյ են խմում: Եթե ազնվորեն ասենք, հիվանդանոցի անձնակազմը հոգնել է այսպիսի հերթապահությունից. և՛ հաճախորդներին հետևիր, և՛ Ուսոյանի«արքայական թիկնազորին»: Այդ իսկ պատճառով, երբ Հասանի վիճակը բարվոք դարձավ, երբ նրա որովայնից դուրս բերվեց մարմին թափանցած միակ գնդակը, բժիշկները խնդրեցին նրան անցնել ամբուլատոր բուժման… Հնարավոր չէր աշխատել այսպիսի նյարդային մթնոլորտում:
Ո՞վ է պատվիրատուն
Այսպիսի իրավիճակներում, իհարկե, առաջին հերթին փնտրվում է պատվիրատուն: Դա կարող էր լինել Ուսոյանի կատաղի թշնամիներից մեկը: Ասենք` Տարիել Օնիանին, թիվ մեկ կասկածյալը: Եվ պատահական չէր«Ինտերֆաքս» գործակալության տարածած հաղորդագրությունը սեպտեմբերի 20-ին, այսինքն այն ժամանակ, երբ Ուսոյանը դեռ նոր-նոր ուշքի էր եկել բարդ վիրահատությունից հետո, և բժիշկները հաղորդել էին, որ նա ողջ կմնա: «Ինտերֆաքսին» Տարիել Օնիանիի փաստաբանը` Նիկոլայ Մդինարաձեն, հայտնեց բառացիորեն հետևյալը. «Մուլուխովը (սա Տարիել Օնիանիի նոր, ռուսաֆիկացված ազգանունն է.- Ս.Գ.) կտրականապես հերքում է իր մասնակցությունը ձեր հիշատակած հանցագործության համատեքստում (Ուսոյանի դեմ կատարած մահափորձում.- Ի Ֆ): Ինձ ոչ մի բան հայտնի չէ իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվող ռեժիմի խստացման մասին: Օնիանին ավելի քան մեկ տարիերեք ամիս պահվում է քննչականմեկուսարանում` «հատուկ պայմաններում»:
Սակայն այս հայտարարությունը դեռևս ոչինչ չի ասում: Տարոն և Դեդը կիսելու շատ բան ունեն: Դա առաջին հերթին վերաբերում է Սոչիի օլիմպիական կառույցների շինարարության ժամանակ մեծ բաժին ստանալու և Մոսկվայի Չերքիզովյան շուկայի` այժմ արդեն ազատ տարածքին տեր կանգնելու համար կրիմինալ աշխարհի այս երկու հզորների միջև մղվող նկատելի և աննկատ պայքարին:
2009 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության բարձրագույն արբիտրաժային դատարանը դաշնային սեփականութուն ճանաչեց Մոսկվայի Շչոլկովյան խճուղու և Սիրենևսկի զբոսայգու հատման վայրում գտնվող, շուկայի վերացումից հետո ազատված 66,5 հեկտար տարածք: Այստեղ ծրագրավորված է էկոնոմ-դասի (ինչպես Հայաստանում են ասում` էլիտար շենքերի) շինարարություն սկսել: Այս տարածքի նկատմամբ իրենց հավակնությունների մասին հայտարարեցին մի քանի խոշոր մասնավոր ներդրողներ: Մի կողմից նոր շինարարության իրականացնելու երաշխավորներ դարձան Դեդ Հասանը և չեչենական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչներ, մյուս կողմից հանդես եկան Տարոյի հովանավորությամբ գործող վրացական խմբավորումները: Վերջիններիս անսպասելիորեն միացավ Մոսկվայի սլավոնական մի խոշոր հանցագործ խմբավորում: Երկու կողմերն էլ աջակցություն էին փնտրում առանձին չինովնիկների և ուժային կառույցների ղեկավարների շրջանում: Ի վերջո, այս տարածքն ստացան այն ներդրողները, ովքեր օգտվում էին Դեդ Հասանի հովանավորությունից: Իրավապահ մարմինների աշխատակիցները համոզված են, որ Տարոն հեշտությամբ չէր կարող տանել բազմամիլիոն ծրագրում իր պարտությունը:
Սակայն տնտեսական, ֆինանսական ոլորտներում Ասլան Ուսոյանի և Տարիել Օնիանիի անհաշտ մրցակցության գլխավոր կռվախնձորը Սոչիի օլիմպիական շինարարության վերահսկողությունն է:
Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, Ռուսաստանում, Սոչիում նույնպես օլիմպիական շինարարության «գլուխ կանգնում են» մաֆիոզ խմբավորումները, որովհետև այստեղ մեծ փողեր, շատ մեծ փողեր են շրջանառվում, հեքիաթային շահույթներ են ստացվում: Բնական է, որ այստեղ պետք է պայքար մղվեր: Դեդ Հասանն ու Տարիել Օնիանին խաղի մեջ մտան:
շարունակելի