Սիրելի բարեկամներ, իմ նոր` «Ձեր կյանքի 4 րոպեները» վերնագրով գրառումից հետո ես որոշել էի մի քանի օր նոր նյութ չգրել: Սակայն այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան ինձ ստիպեց անպայման գրի առնել մտքերս ու կիսվել Ձեզ հետ:

Ասեմ, որ հիմա ժամը 10-ն անց 25 է, և ձյունը նույն ուժգնությամբ առատորեն դեռ տեղում է: Առավոտյան սովորականի պես դուրս էի եկել ու շտապում էի կանգառ: Շուրջս բազմաթիվ մարդիկ էին, որոնք նույնպես շտապում էին աշխատանքի, երեխաներ, որոնք գնում էին դպրոց, մեքենաներ, որոնք փորձում էին առաջ շարժվել ձյունածածկ փողոցում:
Եվ ահա, երբ մեր շենքի բակից ես դուրս եկա փողոց իմ դիմացը քայլելով գնում էին երեք-չորս դպրոցական աղջիկներ: Երևի մի 12-14 տարեկան կլինեին: Մեջքներին իրենց պայուսակներն էին, տաք-տաք հագնված շտապում էին դպրոց և ճանապարհին էլ զրուցում: Ձյունն այնքան շատ էր, որ դժվարեցնում էր արագ քայլելը, այնպես որ մինչև ես անցա այդ երեխաների կողքով, ականջս ընկավ այն, թե ինչ էին նրանք բարձր-բարձր խոսում: Երեխաներից մեկը, մի շատ ժիր ու կայտառ դեմքով աղջիկ, ընկերուհիներին պատմում էր հետևյալը.

-Բա իմացել ե՞ք ներքևի կանգառում «ավարիայա» եղել: Մի քանի մեքենա խփել են իրար:

Երախաներից մեկը հարցրեց, թե ի՞նչ մեքենաներ, և այդ աղջիկը պատասխանեց.

-Մեկը «Ժիգուլի տաքսի էր», մյուսը լավ մեքենա:

«Լավ մեքենա», – լսեցի ես, «Ժիգուլի տաքսի» և «լավ մեքենա»: Այդ պահին մտածեցի, – Է՜յ գիտի ժամանակներ, անցան Ձեր ժամանակները Ժիգուլիներ: Այսօր խորհրդային ժամանակների այդ մեքենան երեխայի մոտ ասոցիացվում է չես հասկանում, թե ինչի հետ ու նա հստակ տարբերակում է` «Ժիգուլի» և «լավ մեքենա»: Պարզ է, որ այդ փոքրիկ երեխան «լավ մեքենա» խոսքի տակ հաստատ նկատի ուներ մի որևէ արտասահմանյան մակնիշի մեքենա: Իսկապես փոխվել են ժամանակները:
Նստեցի մեքենա, որ հասնեմ գործի: Վարորդը սկսեց խոսել տեղացող ձյան պատճառող ստեղծված անհարմարություններից, խոսում էր այն մասին, որ «սաղ քշեր ձունա եկել, աղ չեն ցանում, նոր-նոր էսօր առավոտ ցանեցին, էրեգ քշեր էնքան սառած էր, որ աղ ցանող մեքենաները չէին կարողանում աշխատել», հետո պատմեց, որ. ««կալոսները» չեն փոխում, կապռոն են դնում, ձմեռային «պակռիշկա» չեն դնում  ու «պռոպկա» սարքում»: Հետո պատմեց, թե ինչպես մի «Երազ» մակնիշի մեքենա վաղ առավոտյան սղացել ու խփել է «ստոլբին» ու «գառմոշկա» դարձել: Խեղճ Երազ: Մի խոսքով ամբողջ ճանապարհին նա խոսեց միայն խնդիրների մասին, չմոռացավ նաև պատմել իր նոր «բանտաժների» ու մեկ էլ այն մասին, թե ինչպես է ինքը աշխատել «Ռուսաստան տեղ» (դա իր խոսքերն են :) ինձ թվում է արդեն երկու Ռուսաստան կա, մեկը Ռուսաստան, մյուսն էլ ինչ-որ տեղ է, որտեղ Ռուսաստանն է): Ահա այս մտքերով ես հասա աշխատանքի: Ամբողջ ճանապարհին մտքիցս դուրս չէր գալիս երեխաների առավոտվա զրույցը: Ձյունը շարունակում էր առատորեն տեղալ (հիմա էլ է դեռ նույն առատությամբ գալիս): Ընդհանրապես հրաշք է, որ այսքան տարիների ընդմիջումից հետո մի կարգին ձմեռ է անում: Գալով աշխատանքի ես առավոտյան երեխաների այդ զրույցի մասին պատմեցի գործընկերներիցս մեկին: Պատմեցի, թե ինչպես այդ երեխայի համար մեքենաները բաժանվում են այսօր երկու խմբի` «լավ» և «Ժիգուլի» :) Զրույցի ընթացքում գործընկերս մի միտք ասաց. «Ինչ հետաքրքիր է` երեխաները այս առատ ձյունը թողած զրուցում են ավտոպատահարից»: Եվ ես, խորապես շնորհակալ լինելով նրան այդ մտքի համար, ուզում եմ շարունակեմ այն ու զարգացնեմ: Ինչու, որովհետև ես այդ նախադասությունից տխրեցի: Տեսեք, դրսում առատ ձյուն է, հեքիաթային ձմեռ, իսկ մեր երեխաները իրար հետ խոսում են պատահարներից: Փոխանակ ուրախանան տեղացող ձյունով, փոխանակ խոսեն գեղեցիկ բաներից` խոսում են այն ամենից, ինչ տեսնում են ամեն օր եթերում` վթարներ, զոհեր: Ես վաղուց չեմ նկատել, որ երեխաները առաջվա ուրախությամբ ու աշխուժությամբ դրսում խաղան, երբ ձյուն է գալիս, ձնագնդիկ գրեթե չեն խաղում: Գործընկերս ճիշտ նշեց, որ ձնեմարդ գրեթե չի նկատում բակերում, և երեխաներն էլ, երևի, ամեն մեկը մի համակարգչի դիմած նստած հափշտակված ինչ-որ խաղ են խաղում, կռիվ-կռիվ և այլն: Ասեմ, որ մեծահասակներն էլ ընենց ոչինչ` ոչ մի ռոմանտիկա չկա, մենակ խոսում են դժվարություններից, վատ ճանապարհներից, վթարներից, գների բարձրացումից և այլն: Եվ ես իսկապես տխրեցի: Ինքներդ մտածեք` մեր կյանքը, ցավոք, այսօր այնքան հեքիաթազուրկ է, այնքան հոգսառատ, որ մեր շուրջը այսպիսի հրաշք, առատ, գեղեցիկ ձյուն է տեղում և գրեթե ՈՉ ՄԵԿ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ, ՈՉ ՄԵԿ ԴԱ ՉԻ ՆԿԱՏՈՒՄ: Ափսոս: Որքան են փոխվել ժամանակները: Հիշում եմ, որ նույն այդ «Ժիգուլիների տարիներին» :) կամ ինչո՞ւ այդքան վաղ, մինչև բոլորովին վերջերս էլ երեխաները բակ էին վազում, երբ ձյուն էր տեղում, խաղում էին, հրճվում, ձնագնդիկահարվում :) ձնեմարդուկներ սարքում, զվարթ խաղեր խաղում, մեծահասակները սահնակներով ման էին տալիս իրենց բալիկներին, անգամ իրենք էին պահի տակ ձնագնդիկ խաղում: Ո՞ւր են այդ ժամանակները: Ֆորշի հայտնի երգում, հին օրերը հիշելով, ափսոսանքով երգվում է. «Ո՞ւր են մեր բակի բիձեքը…»: Մի՞թե կյանքն այսօր այնքան գորշ ու հոգսառատ է, որ կորցրել ենք գեղեցիկը ընկալելու, առաձ ձյունը նկատելու կարողությունը, այն էլ այսօր, որ ձյունից գրեթե զուրկ այսքան տարիներից հետո վերջապես այսպիսի ձյուն է գալիս: Հենց հիմա նայեք տեսեք, թե ինչ գեղեցիկ ձյուն է: Այնքան ենք հեռացել բնությունից, որ ձյունը «դիտում ենք» միայն պատուհանից և դիտում տխուր:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել