…Նա սկսեց շատ դանդաղ համբուրել երկնային գեղեցկությամբ ու հմայքով խենթացնող կնոջ պարանոցը, հոտ քաշել նրա բուրավետ մազերից, մաշկից, հետո սկսեց համբուրել նրա պարանոցը, ուսերը, կուրծքը, ամբողջ մարմինը: Կինը պառկել և բավականություն էր ստանում իր միակ ու առնական տղամարդու, իր անգերազանցելի «արուի» հերթական սիրատածումից, նրա այրող համբույրներից: Նրանք կրքոտ ու երկար սիրեցին իրար: Առավոտյան գերագույն հաճույքից ու ստացված բավականությունից ուժասպառ կինը քաղցր թմբիրի մեջ դեռ երկար պառկած մնաց անկողնում` զարդարելով այն իր չքնաղ ու սպիտակամաշկ մարմնով: Քաղցր, անուշ նանրության երանելի այդ վիճակից կինը պարզապես շողում էր: Երջանկությունից լուսարձակող կնոջ դեմքը փայլում էր պատուհանից ներս թափանցած վաղորդյան արևի շոյիչ շողերի ներքո: 
Իսկ դուրեհաճ առավոտն այնքան թարմ ու հաճելի էր, որ ամեն բան կարծես նպաստում էր անկողնում իրար առավելագույնը պարգևելու երկուսի տենչանքին: Արևը կամաց, սակայն հաստատուն ընթացքով բարձրացավ: Երկինքը վառ կապույտ էր, անդադար լսվում էին ձայներ` ավտոմեքենաների, ճնճղուկների:
Կինը թեքվեց դեպի իր տղամարդը, մեղմիկ ժպտաց նրան ու ասաց. «Բարի լույս, սիրելիս»: Արևն էլ իր հերթին ժպտաց Երկրին: Ամեն օր արևը «Բարի լույս» է ասում քաղաքին, ճնճղուկները վերսկսում են իրենց երեկվա կիսատ երգերը, ավտոմեքենաները մեկը մյուսի հետևից հայտնվում են գիշերը տեղացած անձրևից լրիվ թաց փողոցի վրա, ցողաթաթախ ծառերը աննկատ ժպտում են անցորդներին: Մանրակաթիլ, թավ անձրևի երեկվա հետքերը նշմարելի են ծառերի տերևներին ու կանաչ խոտերին: Քաղաքը սկսում է արթնանալ, ամեն ինչ սկսում է ընթանալ իր առօրեական հունով: Մարդիկ էլի շտապում են, ընդ որում մեկը մյուսից ավելի շատ է շտապում: Մեքենաները խլացնում են ճնճղուկների անուշ ծլվլոցը իրենց ազդաշնաններով: Երթուղայիններում շարունակում է հնչել տարբեր ժանրերի երաժշտություն, որոնց միախառնվում են ուղևորների ռաբիս, երբեմն` զարմանալի, շատ անգամ` անհասկանալի, մեկ-մեկ էլ` զարհուրելի բջջային մեղեդիները: Հետո այդ ամենը միաձուլվում է մեկ ընդհանուր սիմֆոնիայի մեջ: Քաղաքը շարունակում է ժպտալ իր բարի ժպիտով: Արևը ջերմացնում է անցորդներին, մեքենաներին, համառորեն իրենցը երգող ճնճղուկներին, արդեն չորացող և վառ կանաչ հագած տարևներին: Ամեն ինչ սովորական է և արտասովոր: Շուկաներում տատիկները համոզում են, որ իրենց խառը կանաչին է ամենաթարմը, մայթեզրով անցնում է ջրատար մեքենան ու լվանում ամեն ինչ ու ամենին, բացի փողոցի եզրերից: Խանութները բացվում են, ցուցափեղկերը փորձում են ավելի շատ մարդկանց գրավել: Իսկ մարդիկ շտապում են ու շտապում:
Եվ այս ամենամյա ու ամենօրյա համանվագում ամեն մարդ մի առանձին արիա է, մի առանձին, անկրկնելի պատմություն: Այո, մեզանից յուրաքանչյուրն այս կյանքում ոչ միայն ունի իր պատմությունը, այլև ինքն է մի ուրույն պատմություն կյանքի ու մարդկության հաստափոր գրքում, ինքն էլ մի էջ է, սպիտակ ու մաքուր էջ: Շատ ցանկալի է կյանքն ապրել այնպես, որ այդ էջը չդառնա սևագիր, ճմրթված թուղթ: Ամեն օր մեզանից յուրաքանչյուրը` որպես մի առանձին պատմություն, միավորում է իր սեփական պատմությունը համամարդկայինին և այդպիսով դառնում նրա անքակտելի մասը, կյանքի մի մասնիկը: Առավոտյան անկողնում իրար սիրող և լուսաբացը միասին դիմավորած զույգն էլ երկու առանձին պատմությունների միավորում էր, ինչի հետևանքով արդեն ուներ նաև ընդհանուր` երկուսի պատմությունը: Այդ պատմությունը մի փոքրիկ ներկայացում է մեր բոլորի սիրելի քաղաքում` Երևանում: Իսկ մեր քաղաքը քանի՜-քանի՜ այդպիսի պատմություններ ունի: Բոլոր քաղաքների նման, մեր քաղաքում էլ քանի՜-քանի՜ այդպիսի պատմություններ կան, քանի՜-քանի սիրահար զույգեր: Կա մի զգացմունք, որը միավորում է զույգերին, երջանկացնում, ապրեցնում, պտտում աշխարհը, ստիպում մարդկանց շարժվել առաջ, ճնճղուկներին` ծլվլալ, ծառերին` ծաղկել ու կանաչել, ամպերին` անձրևել: Դա սերն է` ամենակարող և ամենակարևոր, ամենազգայուն և ամենահուզիչ, ամենաապրեցնող և ամենամեծ զգացմունքը: Սիրենք կյանքը, սիրենք մեզ շրջապատող սիրելի մարդկանց, մեր կյանքի զույգին, սիրենք մեր քաղաքը և մեր երկիրը, սիրենք բնությունը` կենդանիներին ու բույսերին, սիրենք ամբողջ աշխարհը: Սիրենք սիրել, չէ՞ որ սիրելով է կյանքը հիասքանչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել