Համոզված եմ, որ այս երգի առաջին իսկ հնչյուններից ձեզանից շատերը կհիշեն այն: Համաձայնեք, որ 10-20 տարի առաջ երգերն ավելի հուզական էին, մեղեդային, ասելիքով լի ու շատ ավելի գեղեցիկ թեմաներով` ինչպես, օրինակ, Ջորջ Մայքլի կատարմամբ Սուրբ ծննդյան տոնին ու սիրուն նվիրված այս գեղեցիկ երգը: Հիմա շատ բան է փոխվել, նույն արևմտյան երգերն էլ են փոխվել, հիմա կիսամերկ է ամեն ինչ, երգերի տեսահոլովակներում էլ ոչ թե երգի, այլ հաճախ գռեհկության «շքահանդես» է: Երգերի մեծ մասը մի տեսակ անորակ են, նույնական, էրոտիկ, երգի մեջ ավելի շատ տնքոցներն ու հառաչանքներն են, քան մաքուր հնչյուններն ու խոսքերը: Էրոտիկան շատ լավ ու գեղեցիկ բան է, սակայն եթե երգի մեջ էրոտիկայից բացի ոչինչ չկա, երաժշտություն էլ չկա, ապա երգը կորցնում է իր արժեքը, երաժշտական արժեքը: Էլ չեմ խոսում այն մասին, որ բարիություն չկա երգերից շատերի մեղեդիների և արծարծվող թեմաների մեջ, իսկ տեսահոլովակները ագրեսիվ են հաճախ ու թվում է, թե ռեժիսորը կյանքի է կոչել ոչ թե մաքուր գաղափարներ, այլ իր հոգու գաղտնարաններում թաքնված ու անիրականանալի մութ ցանկությունները: Այս ամենի ֆոնին շարունակում են հաճելի կերպով լսվել հին ու բարի երգերը: Դրանք արթնացնում են բարի հիշողություններ: Ամենակարևորն այն է, որ նախկինում երգերի թեմաներն ավելի շատ էին, բազմազան, իսկ այսօր թե արևմտյան, թե մեր հայրենական երգարվեստում (իսկ մեր երգարվեստում դա, իսկապես որ, գերազանց մեծամասնություն է կազմում) հիմնական թեման, ցավոք, կորած կամ անպատասխան սերն է: Արդեն զզվելի ու անվերադարձ տափակության հասնող այս բանալ ու միօրինակ ուղղությունը հոգնեցրել է: Չէ՞ որ կան բազմաթիվ թեմաներ: Եղբա՛յր, երգեք թեկուզ էլի սիրո մասին, բայց նաև ուրիշ կերպ, ուրիշ մատուցմամբ, ուրիշ համատեքստում, ոչ թե «Աաաաա՜խ, յարս գնաց», կամ «Վաաաա՜խ, յարս ինձ չի սիրում» կամ էլ «Ինչո՞ւ հեռացար»    Դե բավական է էլի: Էնքան չտպավորվող երգեր են, որ չեն էլ հիշվում հետո, ոչ մի հետք չեն թողնում: Նիկոլայ Նոսկովի «Это здорово» երգը լսել ե՞ք: Էլի սիրո մասին է երգում, սակայն ինչքան խորը երգ է, խոհափիլիսոփայական եզրերի շոշափմամբ ու կյանքի երևույթների ու տարբեր դրսևորումների մասին անդրադարձով, համեմատականներով, խրատով, սիրո վերհանմամբ: Շատ եմ սիրում այդ երգը ու դրան դեռ մի լաաաաաավ կանդրադառնամ: Իսկ մինչ այդ առաջարկում եմ լսել այս երգը, և թող սերը, բարին ու լուսավորը տիրեն Ձեր հոգիներում այս Նոր տարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել