«Ճանապարհին պատահաբար նկատեցինք մի շքեղ արու ընձառյուծի, որ հանգստանում էր հաստաբուն ծառի ճյուղին: Մեր ուղեկցորդը` Սիդնեյը կանգնեցրեց մեքենան. ընձառյուծների նկատմամբ նա մի առանձնակի սեր ուներ ու ուզում էր, որ հիանանք նրանցով: Մեզ համար շատ անսպասելի` Սիդնեյը թույլ տվեց, որ դուրս գանք մեքենայից ու մի քիչ մոտենանք ծառին, որպեսզի ավելի մոտիկից նայենք ընձառյուծին: Սիդնեյը գիտեր, թե մինչև ուր կարող էինք քայլելով մոտենալ: Այնպես որ, մեզ վտանգ չէր սպառնում: Վտանգ ու անհանգստություն չէր սպառնում նաև ընձառյուծին. մենք ապահով հեռավորության վրա էինք, ու նա շարունակում էր հանգիստ նստած մնալ ճյուղին: Երբ իջանք ու մի քանի քայլ արեցինք դեպի վայրի գազանը, ես մի հետաքրքիր զգացողություն ունեցա: Բացի հիացմունքից ու ոգևորությունից, ես զգացի նաև, թե ինչքան փոքր ենք մենք կուսական բնության գրկում: Մենք կանգնել ու նայում էինք ընձառյուծին… Այդ պահին ես մտածում էի, թե ինչ հրաշալի է բնությունը, երբ նրան ձեռք չեն տալիս ու չեն վնասում, մենք էլ մեկն ենք բնության մյուս բոլոր արարածներից: Հետո՞ ինչ, որ բանականություն ունենք, չէ՞ որ շարունակում ենք ապրել էլի նույն մոլորակի վրա, որի վրա նրանք էլ են ապրում` ընձառյուծն էլ, առյուծն էլ, մողեսն էլ, օձն էլ, ծառերն էլ, բոլորը: Եվ այդ պահին զգում ես, թե ինչքան մեծ են նրանք, ավելի երկար պատմություն ունեն, գոյություն են ունեցել մարդուց շատ առաջ ու եկել-հասել են մեր օրերը: ՈՒ հիմա մենք իջել էինք մեքենայից ու հիացած հայացքով դիտում էինք այդ տեսարանը, կուսական բնության այդ անկյունը, որտեղ հաստաբուն ծառն արդեն քանի հարյուրամյակ կանգուն էր, և ընձառյուծը հանգստանում էր անխռով ու անվրդով: Հրաշալի, անկրկնելի պահ էր, որը հավերժ մնաց իմ հոգում որպես բնության հետ ներդաշնակության, նրա պարգևած խաղաղության ու երջանկության վկայություն»:

Սիրելի՛ ընթերցողներ, սա մեջբերում էր «Ապրելու իրավունք» վերնագրով իմ գրքից: Առաջին անգամ է, որ ես որևէ ուղիղ մեջբերում եմ անում իմ այս գրքից: Նպատակը մեկն է` գրքի այս փոքրիկ հատվածով պատկերավոր կերպով մի պահ տեղափոխել Ձեզ դեպի կուսական բնության գիրկը, որպեսզի հանդիպեք վայրի բնության և, մասնավորապես` Կատվազգիների ընտանիքի մի շատ առանձնահատուկ ներկայացուցիչներից մեկին` ընձառյուծին (լատիներեն գիտական անվանումը` Panthera pardus): «Ապրելու իրավունք» գրքում ես բազմաթիվ անգամներ անդրադարձել եմ այս խիստ հետաքրքիր գազանին, և ահա այս պահին առաջարկում եմ Ձեզ ավելի մոտիկից ծանոթանալ նրան նաև իմ բլոգ-կայքում: Ընձառյուծի մասին առանձին և ընդարձակ այս գրառումն ունի ճանաչողական ու բնապահպանական նպատակ, որպեսզի ճանաչենք բնության ևս մեկ ներկայացուցչի, ճանաչենք, սիրենք, հարգենք ու պահպանենք: Առավել ևս, որ ընձառյուծը խորթ չէ մեր հայրենի բնությանը, քանի որ, բարեբախտաբար, մեզ մոտ ընձառյուծներ դեռ հանդիպում են: Սակայն այս մասին մի փոքր հետո, իսկ հիմա նախ խոշոր պլանով «դիտենք» այս կենդանու դիմապատկերը:

Կատվազգիների ընտանիքի ոչ մի խոշոր կատու չունի ընձառյուծի ճարպկությունը, քանի որ այս կենդանին ծառ մագլցելու հմուտ ու անգերազանցելի վարպետ է: Ավելին. նա ի զորու է իրենից երկու անգամ ծանր ավարը վարպետորեն բարձրացնել ծառը և այնտեղ հանգիստ ճաշակել այն: Սակայն սրանք միակ առանձնահատկությունները չեն, որոնցով աչքի է ընկնում այս բարեկազմ գազանը: Նա անչափ գեղեցիկ է իր յուրահատուկ մորթով և, բացի այդ, շատ ունիվերսալ, արագ հարմարվող կատու է, քանի որ բոլոր խոշոր կատուներից միայն ընձառյուծն ունի աշխարհագրական մեծ տարածվածություն, նա ամենատարածված վայրի կատվազգին է: Ըստ էության` ընձառյուծի արեալը ընդգրկում է միանգամից երեք մայրցամաք` Արևելյան Եվրոպա (այստեղ պայմանականորեն պետք է հասկանալ ավելի կոնկրետ` Թուրքիան, Հարավային Կովկասը), Առաջավոր, Արևելյան և Հարավ-արևելյան Ասիա և Աֆրիկա: Ավելի մանրամասն եթե նշեմ, ապա մինչև վերջերս ընձառյուծը բնակվում էր արևելյան և կենտրոնական Աֆրիկայում, որոշ խմբեր կային մերձ-սահարյան Աֆրիկայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում (հատկապես` Ճավա, Սումատրա կղզիներում), Արաբական թերակղզում, Ռուսաստանում (ավելի ստույգ` Կովկասի հյուսիսում), Կորեայում, Չինաստանում, Կովկասում, Թուրքմենստանում, Իրանում, Հարավային Կովկասում, Հնդկաչին թերակղզում, Ցեյլոն կամ Շրի Լանկա կղզիներում: Այսօր այս արեալը շատ ավելի է կրճատվել, սեղմվել են դրա սահմանները, և շատ երկրներում ընձառյուծը, ցավոք, այլևս չի հանդիպում կամ հանդիպում է խիստ փոքր, ես կասեի` խորհրդանշական թվաքանակով: Ընձառյուծները վաղուց անհետացել են նաև մայրցամաքային Եվրոպայում (Սա այն դեպքում, երբ Չորրորդական ժամանակաշրջանում ընձառյուծները տարածված էին ողջ Եվրոպայով մեկ` Ֆրանսիայի, Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի, Ռումինիայի տարածքում), սակայն եթե Եվրոպան, որպես աշխարհամաս, ընկալենք ոչ թե իր բուն մայրցամաքային տարածքով, այլ ավելի ընդլայնված սահմաններով (ներառյալ` Կովկասը և Թուրքիան), ապա պետք է նշել, որ այո` ընձառյուծը այսօր էլ Եվրոպայի ամենախոշոր կատվազգին է և ամենախոշոր գիշատիչ կաթնասուններից մեկը` գորշ արջի, գայլի հետ միասին:

Ընձառյուծի մարմինը համաչափ է, գեղակազմ, երկարությունը՝ 107–160 (երբեմն՝ 180) սմ, պոչինը՝ 75–110 սմ, կենդանի զանգվածը՝ 32–42 կգ, երբեմն` մինչև 60 կգ: Էգերն ավելի փոքր են: Մարմինը ձգված է, մկանոտ, ոտքերը համեմատաբար կարճ են, ամուր, թաթերը՝ լայն ու սուր ճանկերով են: Ականջները կարճ են ու կլորավուն:

Ընձառյուծի մորթին շատ գեղեցիկ է: Մեջքը դեղին է կամ դեղնակարմրավուն (երբեմն` շիկակարմրավուն)՝ մոխրագույն երանգով, համաչափ ցրված վարդանախշաձև սև բծերով, պտերով: Կան նաև լրիվ սև մորթով հովազներ, որոնք հանդիպում են հիմնականում Հարավ-արևելյան Ասիայում, նրանց կոչում են նաև սև հովազ կամ պանտերա (այս մասին ավելի մանրամասն` հետագայում):  

Ընձառյուծն ապրում է անտառներում, սարերում: Սնվում է եղջերուներով, այծյամներով, վայրի խոզերով, նապաստակներով, մկնանման կրծողներով, թռչուններով, նաև ձկներով ու լեշերով: Մարդակեր ընձառյուծները հազվադեպ են: Այս ուժեղ և ճարպիկ կենդանին որսի վրա հարձակվում է գաղտագողի` դարանակալելով: Ունի սուր տեսողություն, լավ լսողություն, թույլ հոտառություն: Որջը սարքում է քարանձավներում, ժայռաճեղքերում, հաստաբուն ծառերի փչակներում, երբեմն՝ մացառախոզերի հին բներում:

Ընձառյուծն ունենում է 1–4 (երբեմն՝ 6) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3 (երբեմն՝ 6–8) ամիս: Ձագերը 5 ամսականում կարող են որսալ մանր կենդանիներ, 1–1,5 տարեկանում՝ ապրել ինքնուրույն: Անազատ պայմաններում հովազն ապրում է մինչև 20-21 տարի:

Ընձառյուծը` որպես տեսակ, ունի բազմաթիվ, ավելի ստույգ` 27 ենթատեսակներ, որոնք իրարից տարբերվում են աշխարհագրական տարածվածությամբ, մորթու գույնով ու մորթու վրա բծերի դասավորությամբ և դրանց ձևով: Ընձառյուծների ենթատեսակներից առավել հայտնի են աֆրիկյան, պարսկական, առաջավորասիական, հեռավորարևելյան (ամուրյան), հնդկական, հյուսիս-չինական ընձառյուծները: Ընձառյուծների աշխարհագրական տարածվածության մասին առավել մանրամասն` կարդա այստեղ:    

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել