Tert.am-ը գրում է.

Ադրբեջանը Տավուշի գյուղերն իր ռազմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերն վերահսկելու հնարավորությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

‹‹Ի՞նչ է նշանակում Փաշինյանի՝ ‹‹պատերազմը պետք է լինի անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի›› միտքը, գործնականում կամ
Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության ‹‹պերճանքն ու թշվառությունը››։

Այսօր՝ մայիսի 7-ին իր ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սահմանազատման և սահմանագծման իր քաղաքականությունը որակեց որպես աննախադեպ իրողություն, որի նպատակն է պատերազմը դարձնել անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի:

Առաջին հայացքից երկարաժամկետ կտրվածքով պետության անվտանգության տեսանկյունից նման նպատակադրումը թվում է միանգամայն արդարացված:

Մինչդեռ իշխանությունների գործողությունները, ինչպես այսօր տարածված է ասել, գետնի վրա՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի որոշակիացման հետ, հենց անվտանգության տեսանկյունից առավել վիճահարույց են, եթե չասենք վտանգավոր:
Այս համատեքստում տրամաբանական հարց է առաջանում, իսկ ո՞ր պարագայում են պետությունները դիմում պատերազմական գործողությունների:

Ակնհայտ է, պետությունները պատերազմական գործողությունների դիմում են այն դեպքում, երբ իրենց կենսական կարևորության խնդիրների լուծման այլ առավել նպատակահարմար հնարավորություն չեն տեսնում:

Կարծում եմ ավելորդ է հիմնավորել, որ 2020թ նոյեմբերից հետո ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմավարական նպատակը կամ կենսական կարևորության խնդիրը՝ տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարումը զրոյացնելն է: Իսկ այդ նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը՝ Հայաստանի հետ սահմանին ռազմավարական կարևորության դիրքերը սեփական ռազմական հսկողության տակ վերցնելու միջոցով Հայաստանին դե ֆակտո ինքնիշխանությունից զրկելը:

Այսինքն այդ կերպ թշնամին փորձում է հասնել նրան, որ Հայաստանում նույնիսկ սեփական զարգացման նպատակով ընդունվող որոշումները կայացվեն արտաքին անշրջելի սպառնալիքների պայմաններում և թշնամի պետության քաղաքական կամեցողության հաշվառմամբ (դրա վառ օրինակը Երասխի մետալուրգիական գործարանի տեղափոխման մասին որոշումն էր):
Հետևաբար Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարման չեզոքացումը և ինքնիշխանությունից դե ֆակտո զրկումը հանդիսանում են Ադրբեջանի համար կենսական կարևորւթյան նպատակներ:

Հիմք ընդունելով այս իրողությունը տրամաբանության տարրական կարողություններով օժտված ցանկացած ոք կարող է ինքն իրեն հարց տալ, իսկ ո՞ր պարագայում թշնամի այդ պետության համար իր կենսական կարևորության խնդիրների լուծումը պատերազմի միջոցով կարող է լինել անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի:

Հետևելով Փաշինյանի օրինակին կարող ենք պնդել, որ նման հարցադրումը միանգամայն լեգիտիմ է, առավել ևս, որ իր հավաստմամբ Ադրբեջանը Հայաստանին պերմանենտ սպառնում է պատերազմով:
Թողնենք մի կողմ այն հանգամանքը, որ Ադրբեջանը փաստացի ահաբեկչական պետություն է և Հայաստանի գործող իշխանությունը նրա ‹‹կամակորություններին›› ընդառաջելու փոխարեն պարտավոր էր սահմանված կարգով ճանաչել այդ երկրի քաղաքական իշխանությունը որպես ահաբեկչական կազմավորում՝ պահանջելով իր միջազգային ազդեցիկ գործընկերներից այդ կազմավորման հանդեպ համապատասխան քաղաքական գնահատական և դիրքորոշում:

Այս իրողության պայմաններում միանգամայն օրինաչափ է հարցը, իսկ ո՞ր պարագայում այդ ահաբեկիչ պետությունը զերծ կմնա պատերազմելու գայթակղությունից՝ համարելով այն անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել