Արամ Ա-ն ու Գարեգին Բ-ն հեռախոսազրույց են ունեցել․ Արամ Ա-ն իր զորակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին ու Մայր Աթոռին


21:42 , 30 ապրիլ, 2024

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետներն անդրադարձ են կատարել Հայաստանին հուզող խնդիրներին ու տագնապալից իրադրությանը։

«Վեհափառ Հայրապետները վերաշեշտեցին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը եւ այս ուղղությամբ հայ եկեղեցու անխախտ հանձնառությունը: Միաժամանակ, Հայրապետներն ընդգծեցին մեր ժողովրդի ներքին միասնականությունն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ հատկապես այս տագնապալից օրերին։

Նորին Սրբություն Արամ Ա. Վեհափառ Հայրապետն իր ամբողջական զորակցությունը հայտնեց Նորին Սրբություն Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին եւ ընդհանրապես Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին՝ հայրենանվեր կեցվածքի եւ կատարած աշխատանքների համար»,- հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից: